Ջավախքը բարձրլեռնային տարածաշրջան է։ Գյուղերում ցանքի և բերքահավաքի միջև ժամանակը կարճ է։ Գարնանը սպասում ես հողի տաքանալուն, իսկ աշնանը կարտոֆիլը պետք է հանես մինչև ցրտերն ընկնելը։ Այնտեղ, որտեղ կայուն աշխատանք գտնելը դժվար է, բերքի վաճառքից է հաճախ կախված ամբողջ ընտանիքի ձմեռային բյուջեն։

Ձյունածածկ կարտոֆիլի դաշտեր Ջավախքի սարահարթում։ Լուսանկարը՝ Տիգրան Թարզյանի։
Այս տարի երկու հեկտար հողատարածքում կարտոֆիլ ցանած Ախալքալաքի ֆերմերը զրույցի վերջում ասաց. «Հավանաբար, հաջորդ տարի այսքան կարտոֆիլ այլևս չեմ ցանի։ Ամենամեծ դժվարությունը բերքի վաճառքն ու դրա գինն է»։
Նրա որոշումը հասկանալի է։ Երբ բերքահավաքի ծախսերն աճում են, իսկ գնորդ գտնելը դժվարանում, ավելի մեծ հողատարածք մշակելը ընտանիքի համար նաև ավելի մեծ ռիսկ է նշանակում։
«Կարտոֆիլը մեր խնայողությունն է», ասում են Ջավախքում։ Գարնանը կարտոֆիլը հողին են հանձնում՝ հույս ունենալով, որ աշնանը դրա դիմաց եկամուտ կստանան։ Ջավախքի բնակիչների համար կարտոֆիլն առանձնահատուկ նշանակություն ունի․ այստեղ այն անվանում են նաև «երկրորդ հաց», քանի որ շատ ընտանիքների համար եկամտի միակ աղբյուրն է։ Սակայն վերջին մի քանի տարիներին այդ «խնայողությունից» ստացվող եկամուտը հաճախ ավելի քիչ է լինում, քան ընտանիքներն ակնկալում են ցանքի ժամանակ։

Նոր հանված կարտոֆիլը Ջավախքի դաշտում։ Լուսանկարը՝ Տիգրան Թարզյանի։
Բերքահավաքի ծախսերը
Այս տարի երկարատև անձրևները վնասել են բերքը։ Թաց հողի պատճառով դժվարացել է տեխնիկայի աշխատանքը, և կարտոֆիլի մի մասը չեն կարողացել հավաքել ո՛չ փոքր տնտեսությունները, ո՛չ խոշոր ֆերմերները։ Խնդիրներին ավելացել են նաև վառելիքի և վարձու աշխատուժի թանկացումը։ Տեղացիների խոսքով՝ երկու տարի առաջ մեկ սոտի (100 քառակուսի մետր) կարտոֆիլի բերքը տրակտորով հավաքելու համար վճարում էին 2 լարի 50 թեթրի, իսկ այս տարի այդ ծառայության դիմաց պահանջում են 5–6 լարի։
Ընտանիքները ստիպված են այդ ծախսը կատարել՝ դեռ չիմանալով, թե ով կգնի իրենց բերքը և ինչ գնով։ Եթե երկու հեկտար հողատարածքի ամբողջ բերքը հավաքվի տրակտորով՝ նշված սակագնով, միայն բերքահավաքի համար կպահանջվի 1000-1200 լարի։ Երկու տարի առաջ նույն աշխատանքի արժեքը կկազմեր 500 լարի։ Սա սակագների համեմատություն է։ Կոնկրետ ընտանիքի վերջնական ծախսը կախված է նրանից, թե որքան տարածք կհասցնի մշակել տեխնիկան և որքան աշխատուժ կպահանջվի միայն բերքահավաքի համար։ Այնուամենայնիվ, այս համեմատությունը ցույց է տալիս, թե սեզոնի ավարտին որքան մեծ տարբերություն կարող է առաջացնել նույնիսկ մեկ ծառայության թանկացումը։

Ջավախքում տրակտորով կարտոֆիլի բերքահավաքի ընթացքը։ Լուսանկարը՝ Տիգրան Թարզյանի։
Իմ զրուցակցի խոսքով՝ եթե գնորդ է հայտնվում, խոշոր կարտոֆիլը հանձնում է մեկ կիլոգրամը 55-70 թեթրիով։ Վաճառքի դժվարությունները նա կապում է նաև դեպի Իրան արտահանման խոչընդոտների հետ։ Մեկ տնտեսության փորձը չի կարող ամբողջությամբ ներկայացնել տարածաշրջանում ձևավորված գնային իրավիճակը, սակայն այս ընտանիքի հիմնական մտահոգությունը հստակ է․ գարնանը կատարված ծախսերը կանխատեսելի են, իսկ աշնանը ստացվելիք եկամուտը կախված է նրանից, թե արդյոք գնորդ կգտնվի։
Բնության դեմ մենակ մնացած գյուղացին
Անձրևներից հետո Ջավախքում դեռևս չհավաքված կարտոֆիլի մի մասը վնասվել է ցրտահարության հետևանքով։ Իմ լուսանկարներում մասամբ երևում են ձյունածածկ դաշտերը։ Թե որքան կարտոֆիլ է մնացել հողի մեջ և դրա որ մասն է պիտանի պահեստավորման կամ վաճառքի համար, պետք է պարզել տեղում՝ ուսումնասիրելով իրավիճակը։

Ցրտահարությունից հետո ձյունածածկ կարտոֆիլի դաշտը Ջավախքում։ Լուսանկարը՝ Տիգրան Թարզյանի։
Ջավախքում կարտոֆիլի վաճառքը շատ ընտանիքների եկամտի կարևոր աղբյուր է։ Բերքի կորուստը կարող է դժվարացնել սերմացու կարտոֆիլի, վառելիքի և տեխնիկայի վարձակալության ծախսերի փոխհատուցումը։ Տեղացիներից մեկի խոսքով՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղում մի ֆերմեր դեռևս չի կարողացել հավաքել ավելի քան 30 հեկտար տարածքում աճեցված կարտոֆիլը։ Մեկ այլ տեղացի պատմում է, որ իր համագյուղացու մոտ ավելի քան 17 հեկտար կարտոֆիլ է մնացել հողի մեջ։ Չհավաքված բերք ունեն ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տնտեսությունները։ Տեղացիների գնահատմամբ՝ Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներում ընդհանուր առմամբ ավելի քան 100 հեկտար կարտոֆիլի դաշտ դեռևս չի հավաքվել։ Ֆերմերները չգիտեն՝ ինչպես հոգալ սեզոնի ընթացքում կուտակված ծախսերը և մարել վերցրած վարկերը։
Բնակիչները դժգոհում են իշխանությունների լռությունից և հարց են բարձրացնում՝ արդյոք պատասխանատու պաշտոնյաները տեղյա՞կ են, թե ինչ է կատարվում դաշտերում։
Ինչ են պահանջում կարտոֆիլագործները
Մեկ կիլոգրամ կարտոֆիլի վաճառքի գինը միայն մասամբ է պատկերացում տալիս ընտանիքի եկամտի մասին։ Նախ պետք է հաշվի առնել, թե բերքի որ մասն է պահպանվել, դրա որ մասն է համապատասխանում գնորդների պահանջներին և որքանն է հաջողվել վաճառել նախապես պայմանավորված գնով։ Դրանից հետո հաշվարկվում են սերմացուի, վառելիքի, տեխնիկայի և վարձու աշխատուժի ծախսերը։ Ընտանիքի անդամների աշխատանքի վրա ծախսած օրերը հաճախ նույնիսկ առանձին ծախս չեն համարվում։ Եթե վաճառքից ստացված գումարը բավականացնում է միայն կատարված վճարովի ծախսերը փոխհատուցելու համար, ապա ամբողջ սեզոնի ընթացքում ընտանիքի կատարած աշխատանքը փաստացի մնում է չվարձատրված։

Թարմ հավաքված կարտոֆիլը։ Լուսանկարը՝ Տիգրան Թարզյանի։
Գնորդի հետ հարաբերություններում անհավասարությունն առավել ակնհայտ է դառնում, երբ բերքն արդեն հավաքված է։ Նրանք, ովքեր ունեն բերքը պահեստավորելու հնարավորություն և ընթացիկ ծախսերը հոգալու բավարար միջոցներ, կարող են համեմատել տարբեր գնորդների առաջարկներն ու ընտրել առավել շահավետը։ Իսկ այն ընտանիքների համար, որոնք հենց այդ պահին պետք է վճարեն բերքահավաքի և տեխնիկայի վարձակալության ծախսերը, սպասելն ավելի դժվար է։ Նույն առաջարկը մեկի համար կարող է բանակցությունների սկիզբ լինել, իսկ մյուսի համար՝ գումարն անմիջապես ստանալու միակ հնարավորությունը։
Գյուղերում մշտական աշխատանքի հնարավորությունների սակավությունը ֆերմերներին ավելի կախված է դարձնում գնորդներից։ Այն ընտանիքները, որոնք եկամտի այլ աղբյուրներ էլ ունեն, ավելի հեշտ են հաղթահարում մեկ անհաջող սեզոնի հետևանքները և կարողանում հոգալ ձմռան ծախսերը։ Կարտոֆիլագործների խոսքով՝ այս տարի Ջավախքում կարտոֆիլի առատ բերք է եղել, սակայն այն ժամանակին հավաքելու համար բավարար թվով աշխատողներ գտնել չի հաջողվել։ Տեղացիները աշխատուժի պակասը կապում են նաև երիտասարդների արտագնա աշխատանքի մեկնելու հետ։ Շատ երիտասարդներ աշխատանքի են մեկնում այլ վայրեր, ինչի հետևանքով բերքահավաքի սեզոնին գյուղերում բանվորներ գտնելը դժվարանում է։

Ջավախքում կարտոֆիլի բերքահավաքը։ Լուսանկարը՝ Տիգրան Թարզյանի։
Այս պայմաններում կարտոֆիլագործները ֆեյսբուքյան խմբերից մեկում մեկ անգամ չէ, որ անանուն գրառումներով դիմել են իշխանություններին՝ խնդրելով տեղական բերքի հավաքման և վաճառքի ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցնել կարտոֆիլի ներմուծումը։ Նրանց կարծիքով՝ դա հնարավորություն կտար ժամանակին հավաքել բերքը, գնորդ գտնել և կարտոֆիլը վաճառել արդար գնով։ Մեկնաբանություններում նրանք նաև գրում էին, որ այլևս օգնության հույս չունեն և կասկածում են, թե կառավարությունը ուշադրություն կդարձնի իրենց դժվարություններին։
Երբ բերքի մի մասը ժամանակին հավաքել չես հասցնում, իսկ արդեն հավաքված կարտոֆիլի համար էլ գնորդ ես փնտրում, իշխանությունների լռության պայմաններում ամբողջ սեզոնի աշխատանքի և հողի մեջ ներդրված գումարի կորստի վտանգը կրկին մնում է ընտանիքի ուսերին։
Ո՞վ է սահմանում կարտոֆիլի գինը
Երբ գյուղում բերքն իրացնելու այլ հնարավորություն չկա, միջնորդը կարող է դառնալ միակ գնորդը, որը պատրաստ է կարտոֆիլը տեղում գնել և տեղափոխել քաղաք։ Ենթադրենք՝ գյուղացին մեկ կիլոգրամ կարտոֆիլը վաճառել է 55–70 թեթրիով, իսկ քաղաքում նույն կարտոֆիլի գինը կրկնապատկվել է։ Այդ դեպքում սպառողը մեկ կիլոգրամի համար կվճարի 1,10–1,40 լարի։
Այս պայմանական օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող են գյուղում կարտոֆիլի ցածր մթերման գինն ու քաղաքում սննդամթերքի բարձր գինը գոյակցել։
Գնի տարբերության մի մասն, իհարկե, բաժին է ընկնում կարտոֆիլի տեղափոխման, տեսակավորման, պահեստավորման և վաճառքի ծախսերին։ Սակայն այստեղ գլխավոր հարցն այն է, թե ով է որոշում՝ ինչ գնով պետք է վաճառվի բերքը։
Միջնորդը կարող է տարբեր գյուղերից ընտրել, թե ումից և ինչ գնով գնի կարտոֆիլը։ Իսկ այն գյուղացին, որը պահեստ չունի և չի կարող ինքնուրույն կազմակերպել բերքի վաճառքը, նման ընտրության հնարավորություն գրեթե չունի։ Արդյունքում՝ քաղաքում ընտանիքները կարող են թանկ վճարել կարտոֆիլի համար, մինչդեռ այն աճեցրած գյուղացուն վաճառքից ստացած գումարը կարող է չբավականացնել նույնիսկ ձմռան ծախսերը հոգալու համար։
Կարտոֆիլագործների երկրորդ պահանջն է, որ իշխանությունները հետևեն կարտոֆիլի գնման գներին և թույլ չտան, որ գյուղացիները հայտնվեն միջնորդների կամայականությունների առջև։ Տեղացիների խոսքով՝ ամեն տարի բերքահավաքի շրջանում գյուղերում հայտնվում են միջնորդներ, որոնք իրենք են որոշում, թե ինչ գնով պետք է գյուղացիներից կարտոֆիլ գնեն։
Նույն ֆեյսբուքյան խմբում ֆերմերները բազմիցս կոչ են արել միմյանց՝ չշտապել գինն իջեցնել, գնահատել սեփական աշխատանքի արժեքը և կարտոֆիլը չվաճառել միջնորդների առաջարկած ցածր գնով։
Այս կոչին հետևելը հատկապես դժվար է այն ընտանիքների համար, որոնք արդեն հավաքել են բերքը, բայց դեռ պետք է վճարեն սերմացուի, վառելիքի, տեխնիկայի և աշխատողների վարձատրության ծախսերը։ Մոտենում է նաև վարկի մարման ժամկետը։ Բանկը չի սպասում, մինչև գյուղացին կարտոֆիլի համար այնպիսի գնորդ գտնի, որը պատրաստ կլինի վճարել այնքան, որ ընտանիքը կարողանա գոնե հետ բերել կատարած ծախսերը։
Այդ պատճառով ֆերմերը երբեմն ստիպված է լինում համաձայնել նույնիսկ այնպիսի գնի, որը չի ծածկում կարտոֆիլի աճեցման ծախսերը։ Նա վախենում է, որ վարկը ժամանակին չմարելու դեպքում կարող է կորցնել նաև հողը։
Ֆերմերների խոսքով՝ կարտոֆիլի գնման գներին ոչ ոք չի հետևում։ Այս պայմաններում յուրաքանչյուր գյուղացի ստիպված է միայնակ բանակցել միջնորդի հետ և ինքնուրույն կրել այդ բանակցությունների հետևանքները։
Ո՞վ է լսում ֆերմերների ձայնը
Ինձ հետ զրույցում ֆերմերը հիշատակեց նաև Կախեթիի խաղողի բերքահավաքը։ Նրա խոսքով՝ երբ Կախեթիում խաղողի իրացումը դժվարանում է, պետությունն ուշադրություն է դարձնում այդ խնդրին, մինչդեռ Ջավախքում յուրաքանչյուր ընտանիք ստիպված է ինքնուրույն մտածել, թե ինչպես վաճառի կարտոֆիլի բերքը։
Այս համեմատությունն ինձ մի հարց է առաջացնում․ ինչո՞ւ է մի շրջանի ֆերմերների եկամուտը պետական քաղաքականության հարց դառնում, իսկ մյուս շրջանում նույն խնդրի լուծումը մնում է յուրաքանչյուր ընտանիքի հոգսը։
Իմ զրուցակիցը այս տարբերությունը կապում է նաև բարձրաձայն խոսելու հնարավորության հետ։ Նրա խոսքով՝ երբ որևէ մեկը փորձում է բացահայտ խոսել խնդիրների մասին, միշտ գտնվում է մեկը, որը խորհուրդ է տալիս լռել։ Նման պայմաններում գյուղացիները դժվարանում են նույնիսկ միասնական պահանջ ներկայացնել, իսկ գնորդների հետ ստիպված են առանձին-առանձին բանակցել գնի շուրջ։
Ինչի՞ համար պետք է պատասխանատվություն կրի պետությունը
Բերքահավաքի ժամանակ արված լուսանկարները կարող են այնպիսի տպավորություն ստեղծել, թե ֆերմերն ինքն է իր գործերի տերը։ Սակայն այստեղ մի անհարմար հարց է ծագում․ ի՞նչ է արել տեղական իշխանությունը, որպեսզի այդ մարդիկ կարողանան ազդել բերքի վաճառքի պայմանների վրա։
Գյուղացին ինքն է հոգում թե՛ ցանքի ծախսերը, թե՛ անձրևից, կարկուտից կամ ցրտահարությունից վնասված բերքի հետևանքով կրած կորուստները։ Անարդար է այս ամենը անկախություն անվանել և բերքի վաճառքի խնդրի լուծումն էլ թողնել նույն ընտանիքի ուսերին։
Բերքահավաքից առաջ Ախալքալաքի մունիցիպալիտետը գյուղերում ֆերմերների հետ միասին պետք է պարզի, թե որտեղ է պակասում տեխնիկան և քանի ընտանիքի է անհրաժեշտ պահեստավորման տեղ։ Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ այն պետք է նախապես հրապարակի ծրագիր՝ որ գյուղում երբ հասանելի կլինի տեխնիկան, որքան կարժենա ծառայությունը և ինչպես այն կստանա փոքր տնտեսությունը։ Երբ անձրևը կրճատում է բերքահավաքի ժամանակը, օգնությունն իմաստ ունի հենց այդ օրերին։ Սեզոնի ավարտից հետո արված հայտարարությունն այլևս չի փրկի հողի մեջ մնացած բերքը։ Մունիցիպալիտետը կարող է գյուղերին մոտ կազմակերպել ընդհանուր հանձնման կետեր, որտեղ գյուղացին կհամեմատի մի քանի գնորդների առաջարկները։ Այն կարող է նաև տեղ հատկացնել ուղիղ վաճառքի համար և ֆերմերային միավորումների հետ համատեղ պլանավորել համատեղ փոխադրումը։ Այս ծառայությունների կանոնները, սակագները և գնորդների առաջարկած գները պետք է լինեն հրապարակային։ Երբ ֆերմերն ունի իրական ընտրություն, միջնորդի հետ էլ կարող է խոսել ավելի լավ պայմանների շուրջ, իսկ քաղաքում սպառողի մոտ ուղիղ գնելու հնարավորություն է առաջանում։
Գյուղատնտեսության նախարարությունը պետք է պատասխանատվություն ստանձնի նաև իրացման պայմանների համար։ Բերքահավաքից առաջ այն պետք է աշխատի տարբեր գնորդների հետ և ֆերմերներին տեղեկացնի, թե ինչ ծավալ և որակ են պահանջում գնորդները և երբ են ընդունում բերքը։ Պետությունը կարող է ֆինանսավորել մատչելի ընդհանուր պահեստներ և խթանել ֆերմերների կողմից կառավարվող կոոպերատիվները։ Պահեստը ընտանիքին ժամանակ է տալիս ավելի լավ առաջարկ գտնելու համար, իսկ կոոպերատիվը հարևաններին հնարավորություն է տալիս գնորդին առաջարկել միասնական խմբաքանակ և միասին բանակցել գնի շուրջ։ Բերքի մի մասի համար ավելի կայուն իրացում կստեղծեն նաև հանրային ճաշարանների համար նախապես պլանավորված գնումները, եթե պայմանները մասնակցության հնարավորություն տան նաև փոքր տնտեսությունների միավորումներին։
Կախեթիի օրինակը հիշելով՝ իմ զրուցակիցը փաստացի հարցնում է իշխանություններին, թե ինչու նրանք Ջավախքում չեն տեսնում նույն անհրաժեշտությունը։ Օգնությունը չպետք է կախված լինի նրանից, թե որ տարածաշրջանը կարող է ավելի բարձրաձայն պահանջ ներկայացնել։ Նախարարությունը և մունիցիպալիտետը պետք է հրապարակայնորեն ասեն, թե որքան գումար են հատկացնում, ում է հասանելի օգնությունը և ինչ ժամկետում։ Իսկ սեզոնի վերջում ֆերմերներին պետք է ներկայացնեն հաշվետվություն, թե քանի ընտանիք է ստացել տեխնիկայի կամ պահեստի հասանելիություն և ինչ է արվել բերքի իրացման համար։
Սննդի արտադրությունը հասարակության համար անհրաժեշտ աշխատանք է, և դրա ռիսկերի մի մասը պետք է ստանձնի պետությունը։ Փոքր տնտեսությունների համար մատչելի ապահովագրությունը կթեթևացներ ընտանիքների վրա տարերքի հետևանքով առաջացած վնասի բեռը։ Ցածր մթերման գինն առանձին պատասխան է պահանջում։ Նախարարությունը ֆերմերային միավորումների հետ համատեղ պետք է քննարկի նվազագույն գնման գինը, որի հաշվարկը սերմացուի, վառելիքի և տեխնիկայի ծախսերի հետ մեկտեղ հաշվի կառնի նաև ընտանիքի անդամների աշխատանքը։ Եթե պետությունը ներդնի այս մեխանիզմը, պետք է նախապես սահմանի, թե ով է գնելու բերքն այդ գնով, ինչ ծավալով և ինչ բյուջեով։
Սեզոնի սկզբում տնտեսությունները գումար են ծախսում սերմացու կարտոֆիլի, վառելիքի և տեխնիկայի վրա այն հույսով, որ ծախսերը կփակեն բերքի վաճառքից ստացված գումարով։ Երբ կարտոֆիլը մնում է հողի մեջ, վաճառքից ակնկալվող եկամուտը կարող է կորչել, իսկ վարկի մարման ժամկետը մոտենում է։ Հենց այս անորոշությունն է հիմա անհանգստացնում տեղացիներին։
Նրանց խոսքով՝ այս դժվարին պայմաններում իրենք պետության աջակցությունը չեն զգում։ Ոմանք նույնիսկ իրենք իրենց են մեղադրում, որ այդքան մեծ տարածքի վրա կարտոֆիլ են ցանել։ Հիմա, երբ այս սեզոնի պարտքը դեռ մարելու է, մտավախություն ունեն, որ գարնանը սերմացու կարտոֆիլի, վառելիքի և տեխնիկայի համար այլևս բավարար գումար չեն ունենա և հաջորդ տարի ստիպված կլինեն ավելի փոքր տարածքի վրա ցանել։
Մունիցիպալիտետը ըստ գյուղերի պետք է հաշվառի վնասված տարածքները և բերքի կորուստը։ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է մշակի վնասի գնահատման միասնական կարգ, հրապարակի արդյունքները և բնակչությանը վրացերեն ու հայերեն տեղեկացնի, թե ում դիմել և ինչ ժամկետում։
Տեղացիների խոսքով՝ իշխանություններից հստակ պատասխան չեն ստացել։ Այս լռության պայմաններում ընտանիքներն իրենք պետք է որոշեն, թե ինչպես մարեն պարտքը և որքան ցանեն գարնանը։ Կառավարությունը պետք է հրապարակայնորեն ասի, թե ինչ օգնություն է քննարկում, ով կկարողանա ստանալ այն և երբ կկայացվի որոշումը։ Նպատակային ֆինանսական օգնության հետ մեկտեղ պետք է բանկերի հետ քննարկի նաև վարկի մարման ժամկետների վերանայման հարցը։ Եթե պատասխանն ուշանա, ֆերմերները կարող է արդեն իսկ կրճատած լինեն ցանքատարածությունները։
Տեղացիներն այլևս պետական օգնության հույս չունեն։ Սպասում են, որ պատասխանը կրկին այսպիսին է լինելու. «Բերքը պետք է ապահովագրեիք մասնավոր ընկերությունում»։ Սակայն ապահովագրությանը հղում անելուց հետո էլ կառավարությունը պատասխանելու բան ունի։ Ո՞վ կգնահատի վնասը։ Ի՞նչ անեն այն ընտանիքները, որոնց բերքը մնացել է հողի մեջ, իսկ վարկի մարման ժամկետը մոտենում է։ Ի՞նչ աջակցություն կստանան մինչև հաջորդ ցանքի մեկնարկը։
Կառավարությունը պետք է հրապարակայնորեն պատասխանի այս հարցերին։ Եթե նրա պատասխանը սահմանափակվի մասնավոր ապահովագրությանը հղում անելով, ընտանիքները կորցրած բերքի, պարտքի և հաջորդ տարվա ծախսերի հետ կրկին մենակ կմնան։
Ընդհանուր պահեստը և փոխադրումը ֆերմերին հնարավորություն են տալիս առաջին առաջարկը համեմատել մյուսների հետ։ Իսկ ուղիղ վաճառքի հարթակը քաղաքի սպառողի համար ստեղծում է անմիջապես արտադրողից գնելու հնարավորություն։ Երկու միջոցառումն էլ մեկ նպատակ ունեն՝ գյուղում աշխատանքով ստացված եկամուտը և քաղաքում սննդի մատչելիությունը չպետք է ապահովվեն մեկը մյուսի հաշվին։
Իմ զրուցակիցը հաջորդ տարի ավելի քիչ կցանի։ Մինչև գարուն այս տարածաշրջանի մունիցիպալիտետներն ու նախարարությունը պետք է պատասխանեն այն հարցերին, որոնք նա տվել է աշնանը։ Ո՞ւմ դիմի ընտանիքը, երբ կարտոֆիլը հանելու համար տեխնիկա է անհրաժեշտ։ Որտե՞ղ պահպանի բերքը և ո՞ւմ առաջարկի այն, եթե առաջին գնորդի առաջարկած գինը չի ծածկում իր աշխատանքը։ Ո՞ւմ դիմեն օգնության համար այն ֆերմերները, որոնց կարտոֆիլի բերքը ցրտահարության պատճառով մնացել է դաշտում։ Հենց այս հարցերի պատասխաններով պետք է գնահատենք իշխանությունների աշխատանքը։
